Վերելքի փոխարեն փողոցային դեգրադացիա. Մարտ 16-ի ռուսաստանյան բաղձանքը
Հայաստանի վերնախավային քաշքշուկը պատահական չէ: Այս օրերին ավարտվում է հայոց ցեղասպանության արեւելյան բաժինը իրենով պսակած 1921թ. ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի գործողության ժամկետը: Կողմերը ազատ են 1914թ. սահմանը ի վնաս Հայաստանի տեղաշարժելու իրենց պարտավորությունից: Պայմանագրի հոբելյանական ներբողումը այն Ռուբիկոնն է, որը հատելով Ռուսաստանը կարող է մեկընդմիշտ մոռանալ Հայաստանի տեղն ու անունը: Համաձայն նախագահ Էրդողանի, այդ պայմանագրով են գծագրվել իր երկրի արեւելյան սահմանները 1923-ին Լոզանի կոնֆերանսում
Հայաստանի անպաշտպանունակ սահմանները Ռուսաստանի ցանկությունն էին: Մասնավորապես, Քեմալը իր «Ահդ-ի միլլի» ազգային ուխտով Կարսում հանրաքվեի էր համաձայն, Արարատի եւ Նախիջեւանի մասին նախապես խոսք անգամ չկար: Դա նախքան ռուսների հետ համաձայնությամբ Կարսի նահանգի հայ բնակչությունը 1920-ին կոտորելն էր:
Լոզանում արդեն Մոսկվան կտրականապես դեմ էր Կարսում հայկական «ազգային օջախ», այսինքն միջազգային կարգավիճակով ինքնավարություն ստեղծելու Մեծ Բրիտանիայի պահանջին, այն պարագային, երբ Թուրքիան հակված էր այդ եղանակով շրջել ցեղասպանության էջը: Կարսի հարցում զիջման գնով Անատոլիական կառավառությունը Արեւմուտքից ակնկալում էր երկրի այլ սահմանների ավելի բարենպաստ գծագիր ստանալ: Եվրոպան Կարսի ինքնավարությունը չպնդեց Ռուսաստանի հետ նեղուցների շուրջ փաստացի համաձայնության գալով:
1921 Մոսկովյան պայմանագիրը ամենեւին թուղթ չէ, այլ միանգամայն իրական ակտ: Այն այժմ էլ որոշում է Հայաստանի արեւմտյան սահմանների պաշտպանության տեսակետից խիստ անբարենպաստ կոնֆիգուրացիան: Պայմանագրի իրական լինելու ապացույցն է Մոսկվայի՝ 2016-ին Թուրքիային պայմանագրի չեղարկումով սպառնալու դրվագը: Թղթի կտորով չեն սպառնում [ՌԴ ԱԳՆ, 1]: