Կնոջը դաժանորեն սպանել էր հյուրընկալած ազգականը, դին թաղել նկուղի փոսում. Երևանում տեղի ունեցած սարսափելի դաժան սպանության մանրամասները (տեսանյութ)
Ազգականին սպանել էր, դին թաղել նկուղում փորված փոսի մեջ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Դավիթ Բալայանի նախագահությամբ, 68-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող Վարդան Սիմոնյանի գործը կարճել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Նշենք, որ մինչ այդ Վարդան Սիմոնյանի պաշտպանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով նախատեսված ժամկետն անցնելու հիմքով: Միջնորդությանը միացել է նաև Վարդան Սիմոնյանը և դատարանին խնդրել իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել ոչ թե արդարացնելու, այլ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ներկայացված միջնորդությանը դատախազը չի առարկել, սակայն տուժողի իրավահաջորդը ոչ միայն չի առարկել, այլև հայտարարել է, որ սպանությունը կատարվել է խմբի կազմում, և այդ մասին տվյալներ կան քրեական գործում: Տուժողի իրավահաջորդի այս հայտարարությունը դատախազ Է. Պետրոսյանը «սուբյեկտիվ ընկալում» է որակել: Ըստ դատախազի՝ գործի նյութերում այլ անձանց վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կա, որը չի բողոքարկվել: