ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստով
Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանության փաստով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Մարտունու շրջանում դեկտեմբերի 3-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։