«Միսս Տիեզերք Արմենիա» Մոնիկա Գրիգորյանը կալանավորվել է
Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած Մոնիկա Գրիգորյանը 20 օրով մեկնել է ԱՄՆ։ ԱՄՆ հասնելուց հետո Մոնիկան ավելի քան 7 ժամ անցկացրել է օդանավակայանի Ոստիկանական բաժանմունքում։
Գեղեցկուհու տիտղոսակիրը պատմել է, որ Ոստիկանության մոտ կասկած է առաջացրել փաստը, որ ինքը 3 ամսվա ընթացքում երկրորդ անգամ է մեկնում ԱՄՆ, իսկ երբ իմացել են, որ հյուրանոց չի ամրագրել և ապրելու է ընկերուհու տանը, նրան տարել են բաժանմունք։
«Ես չգիտեի, որ այնտեղ հեռախոսս վերցնելու են, չգիտեի ինձ ուր են տանում, առանց ինչ–որ մեկին զգուշացնելու գնացի։ Հասա տեղ, պարզվեց հեռախոսն անջատում են, տեխնիկական բոլոր միջոցները վերցնում, պետք է գլուխդ կախ նստես, որևէ մեկի հետ չխոսես ու սպասես քո հերթին։ Թույլ չէին տալիս ընկերներիս զգուշացնեմ, թե որտեղ եմ։ Քանի որ մարդիկ շատ–շատ էին, իմ հերթը մոտ 6 ժամ հետո եկավ, թեև ինձ թվացել էր ընդամենը 2 ժամ է անցել։ Երբ կանչեցին հարցաքննության, նույն հարցերն էին տալիս, պարզապես խաչաձև, որպեսզի եթե ստում եմ, բռնվեմ։ Հարցաքննությունից հետո, երբ հասկացան, որ կասկածելի ոչինչ կա և թողեցին առաջ անցնել, մոտեցավ հայ ոստիկան, որը ևս սկսեց հարցաքննել ինձ, վերցրեց հեռախոսս, սկսեց ստուգել նկարները, կոնտակտները, հաղորդագրությունները, բայց ոչինչ չգտավ։ Հայ տղան ամեն ինչ խառնեց ու ևս մեկ ժամ մնացի այնտեղ, շատ դժվարությամբ ինձ առաջ թողեց, ինչից հետո մոտեցավ ռուս ոստիկանը, որը ստուգեց ճամպրուկներս ու ասաց, որ 20 օրվա համար շատ հագուստ եմ բերել։ Պատասխանեցի, որ գրեթե բոլոր հագուստներս բերել եմ, որպեսզի ընտրեմ ինչ հագնել։ Նայեց, հետադարձ տոմսս ստուգեց ու դժվարությամբ ինձ առաջ թողեց»,– պատմել է Մոնիկան։
Նա անկեղծացել է, որ շատ էր վախեցել․ «Ինձնից առաջ 4 հոգու դեպորտ էին արել, քանի որ մեկը չէր թողել հեռախոսը նայել, մյուսը ինչ-որ բան էր խաբել։ Ես վախենալու պատճառ չունեի, չէի ստել, բայց 6 ժամ վախը սրտումս սպասում էի։ Երբ հասկացա, որ ոստիկանությունում եմ, սկսեցի լարվել, որ ինձ բերել են ոստիկանություն, իսկ ես նույնիսկ հեռախոս չունեմ, որպեսզի կապ հաստատեմ ինչ-որ մեկի հետ։ Միտքը, որ ինձ կարող էին հետ ուղարկել Հայաստան, սարսափելի էր»։
Մոնիկան նաև անդրադարձել է հարցին՝ արդյոք որոշել է բնակություն հաստատել ԱՄՆ–ում և նշել, որ մշտական բնակության չի մեկնել , կարճ ժամանակով է գնացել՝ որպես զբոսաշրջիկ, մի քանի օրից կվերադառնա Հայաստան։