Նիկոլի ընտրողները լքում են Հայաստանը, հեռանում են նաև կայացած, բարեկեցիկ ապրող մարդիկ․ նրանք գնում են ապագայի հետևից, որն այլևս Հայաստանում չեն փնտրում․ Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Հայաստանի ավարտը
Ու վե՞րջ
Երկու օր է ֆեյսբուքյան մեյնսթրիմի թոփ թեման ֆրանսիացի լրագրող Անտուան Դյուբուայի՝ «Հայաստանի ավարտը» էպիկ վեպի քննարկումն է։
Չէ։ Քննարկում էլ չկա։
Բոլորը համաձայն են Հայաստանի ավարտի հետ ու ընդամենը ցիտում են ֆրանսիացուն, ով առաջինը ավետեց մեր երկրի ավարտը։ Բոլորը հաշտվել են Հայաստանի անխուսափելի վախճանի հետ, բոլորը ցիտում են ԱԳՆ-ում Նիկոլի ասածը, որ Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած եւ մեզ պետք է ԱԳՆ, ով կկիսի քաղաքական պատասխանատվություն, բոլորը հասկանում են, ինչ նկատի ունի Նիկոլը, բայց մատաղացու գառան հեզությամբ կարծես թե համակերպվել ենք տեղի ունեցածի ու տեղի ունենալիքի հետ, որ հետո ասենք՝ ֆրանսիացի լրագրողը ճիշտ էր, Հայաստանը ավարտվեց։
Զվարթնոց օդանավակայանում ամեն օր ֆուլ է՝ Նիկոլի ընտրողները Սուրմալուի մեշոկներով լքում են Հայաստանը։ Ես նրանց եւ որեւէ մեկին այլեւս չեմ մեղադրում։
Ժողովուրդը պարզապես չտեսավ այլընտրանք նաեւ ընդդիմության մեջ ու մի մասը ուղղակի ընտրեց հուսահատությունը եւ չգնաց ընտրության։
Հայաստանից հեռանում են նաեւ իմ բազմաթիվ ընկերներ՝ կայացած, բարեկեցիկ ապրող մարդիկ, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ապագա չունենան։
Նրանք գնում են ապագայի հետեւից, որը այլեւս Հայաստանում չեն փնտրում։
Այս մեծ դեպրեսիան հաղթահարել է պետք։
Ու այն չի հաղթահարվելու խորհրդարանում «սագագողի» մակարդակի դիսկուրս վարելով։ Այս խորհրդարանը Եռաբլուրի ծնունդ է եւ ընդդիմությունը կոնկրետ առաքելություն ունի՝ որը կա՛մ կանի, կա՛մ՝ ոչ։
Հուսահատության եւ սպանդանոց տարվող մորթվող գառան անխուսափելի հեզության այս պատը ջարդել է պետք։ Այլապես, մի քանի ամիս անց, ամեն մեկս աշխարհի մի անկյունում մի գիրք ենք գրելու Հայաստանի ավարտի մասին, որ Անտուան Դյուբուայի գրածը միակ էկզեմպլյարը չլինի»։