«Պատերազմի դաշտում՝ վիրահատարանում, հետվիրահատական սրահներում, բժիշկը, բուժքույրը, մայրապետը չեն պարտվել…». 44 օր՝ մահվան ու կյանքի սահմանին
Բուժքույր Ելենա Զալյան
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում աշխատում է որպես մայրապետ։ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է, բնակվում էր Շուշիում։ 23 տարեկան է։

«Սեպտեմբերի 26-ին վիրահատություն ունեինք։ Երևանից բժիշկներ էին եկել, պետք է մնայինք, աշխատեինք։ Վիրահատությունից հետո մեզ գովեցին, ուրախ էինք այդ օրը, քնեցինք։ Առավոտյան, որ պետք է արթնանայինք ու հերթափոխը հանձնեինք, ձայներ լսեցի։ Աղջիկներից մեկի ամուսինը զինվորական էր, լաց էր լինում, ասում էր՝ երեխեքս անհեր կմնան։
Արթնացա էդ ձայներից, շոկի մեջ էի, ասացին՝ կռիվ է։ Ասացի՝ ի՞նչ կռիվ, չէի հավատում։ Հիվանդանոցի հինգերորդ հարկում էի, դուրս եկա, նայեցի՝ քաղաքը ծխի մեջ էր։ Ձեռքերս դողում էին։ Կանչեցին՝ վիրահատություն էր պետք անել։ Էդ տղեն քաղաքից էր, անունը՝ Մարատ։ Թոքի շրջանում բեկոր կար, առաջին վիրահատությունն այդպես անցկացրեցինք կրակոցների տակ՝ հինգերորդ հարկում։ Վիրահատությունն ավարտելուց հետո իջանք բունկեր, մյուս վիրահատություններն այնտեղ էին…»

«Ո՛չ օր գիտեինք, ո՛չ ժամ, օրերն այնքան շուտ էին անցնում։ Ո՛չ նորմալ սնվում էինք, ո՛չ գիտեինք՝ գիշերը, ցերեկը, մութ էր էնտեղ ու կրակոցներ… Ուղղակի մեզ ուժ էր տալիս էն, որ հաղթելու ենք։ Գալիս, ասում էին՝ գիտե՞ք, որ մերոնք առաջ են գնում, իրենք դրանից ջղայնանում ու խփում են քաղաքին։
Իմ եղբայրները, մորաքրոջս տղաներն առաջնագծում էին… Երբ վիրավոր էին բերում՝ դեմքերը փակ, անընդհատ մտածում էի՝ եղբայրներս են… Առաջին օրերին ամենաշատը Հադրութից ու Մարտակերտից էին վիրավորներ բերում…»

«Նայում էի՝ ջահել տղերք, սիրուն… Չգիտեի, որ հայ ազգն էդքան սիրուն տղերք ունի, դժվար էր, էդքան ջահել տղա իմ աչքի առաջ մահացավ։ Ահավորն էդ էր։ Ամսի 3-ին բեկորային վիրավորում ունեցող մի տղայի կես ժամ արհեստական մերսում արեցին, մահացավ… Ու ես ասեցի, որ էլ չեմ կարողանում։ Գնացի ուղղակի, չկարողացա էլ…

Մեր աշխատողները գնում էին, իրենց երեխաներին տեսնում, գալիս էին՝ երկու-երեք օրով։ Խնդրեցի, որ ինձ էլ գոնե երկու օր հանգիստ տան, էլ չէի կարողանում էդքան բան տեսնել։ Տնօրենն ասեց, որ քիչ ենք, պետք է մնանք։ Չթողեց, որովհետև կային, որ գնում, էլ հետ չէին գալիս…Հիվանդանոցին խփելուց հետո շատերը գնացին…

Հետո, երբ ես գնացի Երևան, ընտանիքս այնտեղ էր, ո՛չ հոգեպես, ո՛չ ֆիզիկապես էլ չէի կարողանում, ուժասպառ էի։ Մի շաբաթ չէի կարողանում քայլել, ոտքիս երակները վիրահատության կարիք ունեն, երկար կանգնելուց է։ Քնել չէի կարողանում, մի փոքր թխկոցից վեր էի թռնում։
Ոնց էինք քնում էնտեղ, գետնին, որտեղ պատահի, էնքան որ, մի երկու րոպե հանգստանանք, գիտեինք, որ անընդհատ վիրավորներ են գալիս։ Հոգեբանի կարիք ունեի, հիմա էլ ունեմ իրականում… Հիմա վախենում եմ հիվանդանոց գնալ, ամեն մի անկյունը, ամեն մի սարքը վատ հիշողություններ է բերում…»

Բուժքույր Ելենա Զալյանի ընտանիքն այժմ Երևանում է, քանի որ կորցրել է իրենց գյուղի՝ Ուխտաձորի տունը։ Չկա նաև քրոջ տունը Շուշիում, որտեղ ինքն ապրում էր հիվանդանոցում աշխատելու տարիներին։ Պապի՝ իրենց ընտանիքի տունն Ուխտաձորում շատ լավն էր. վերջին տարիներին վերանորոգել էին, գազ, լույս՝ ամեն ինչ կար, «ոնց որ քաղաք լիներ»։

«Ջերմությունս մինչև 40 աստիճան բարձրացավ, էդ ժամանակ չգիտեի՝ ինչից է, ուղղակի ինձ վատ էի զգում, բայց կանգնած էի մինչև վերջ։ Կորոնավիրուսով էի վարակվել, լիքը անտիբիոտիկներ ընդունեցի, ավագ բուժքույրն ասում էր՝ քիչ ենք, պիտի դիմանանք։
Մեզնից ամեն մեկն իր վրա մեծ պատասխանատվություն էր վերցրել.․․ Շատ դժվար էր։ Ծնողներս միշտ ասում էին՝ մեր երեխաները պատերազմ չտեսնեն։ Տեսանք, ու հիմա հասկանում եմ՝ ինչ նկատի ունեին»։

«Ասացին՝ պատրաստվեք, ծննդաբերություն է լինելու։ Մենք չէինք պատկերացնում, առաջին անգամ էինք նման բան տեսնում։ Ծննդատնից բժիշկներ էին եկել ու պետք է շտապ վիրահատեին։ Մի կողմից ձեռքն էին վիրահատում, ծննդկան այդ աղջկա ձեռքը կտրվել էր պայթյունից, Մարտակերտի բնակիչ էր։
Միաժամանակ վիրահատություն արեցին, երեխան ծնվեց… Ամենասիրուն վիրահատությունն էր, որ երբևէ տեսել եմ։ Այդ մանուկի անունը դրեցին Մոնթե… Երբ արդեն Երևանում էի, ուզում էի հիշել՝ քանի ձեռք ու ոտք ենք կտրել, չկարողացա հաշվել, շատ դժվար էր… Հիմա էլ, որ ուզում եմ հիշել, չեմ կարողանում, էնքան շատ էին…»

«Ապագաս ոչ մի կերպ չեմ պատկերացնում։ Ռուսաստանում բարեկամներ ունենք, բայց չեմ պատկերացնում էնտեղ ապրելը, իմն այստեղ է։ Ընտանիքս Երևանում է, ես եկել եմ ընկերուհուս հետ, վարձով Ստեփանակերտում եմ ապրում ու չգիտեմ էլ՝ վերջը ոնց կլինի։ Եկել եմ, հույս ունեմ, որ մի օր գնալու եմ Հադրութ։
Իմ եղբայրը նախորդ կռվի ժամանակ ական էր գտել, պայթել, մահացել է. 90-ականներին ինը տարեկան էր, հիմա նրանից մի նկար չունենք․․․ Ամեն ինչ մնաց Ուխտաձորում։ Ֆիզուլիից ոտքով կարելի էր հասնել Ուխտաձոր։ Ամեն ինչ մնաց էնտեղ, ոչ մի հիշողություն չունեմ, ա՛յ, վատը էդ է։
Ամենադժվար բանը դա է, որ չգիտես՝ հետագայում ինչքան էլ տուն լինի կամ չլինի․․․ իմ ամեն ինչն Ուխտաձորում մնաց»։

Բժիշկ Մարատ Հարությունյան
Աշխատում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում՝ որպես ուրոլոգ-վիրաբույժ։ Ծնվել է Ստեփանակերտում, 34 տարեկան է։

Պատերազմի հերթական օրերից մեկն էր։ Վիրավորներից մեկը, վիրահատությունից հետո գիտակցության գալով, նայեց մեր բժիշկներից մեկին ու առաջին բառերը, որ ասաց՝ բժի՛շկ ջան, ո՞նց ես։
Բժիշկը Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցի կրծքային վիրաբույժներից էր՝ Շահեն Նիկոլայի Դանիելյանը, ճանաչեց բժշկին, տեսել էր վիրահատությունից առաջ։ Նայեց հիվանդին, թե՝ լավ եմ, լավ եմ, դո՞ւ ոնց ես, դու քեզնից խոսիր…
Այս ամենը վիրաբույժներին ուժ էր տալիս, որ եռանդով աշխատեն։ Սեպտեմբերի 27-ից՝ 44 օր, խիստ լարված գրաֆիկով։ Չի եղել օր, երբ որևէ բաժնի վարիչ զանգահարի բժշկին՝ աշխատանքի կանչելու։ Բոլորը տեղում էին, բոլորս գիտակցում էինք, որ ամեն րոպե վիրավոր են բերում, ծավալը շատ մեծ է, ամեն րոպեն կյանք արժեր բառիս բուն իմաստով»։

Մարատ Հարությունյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, այնուհետև ծառայության է անցել՝ որպես բժիշկ ՊԲ զինված ուժերում, վեցերորդ և չորրորդ պաշտպանական շրջաններում, այնուհետև՝ Շուշիի ՀՕՊ բրիգադում՝ որպես բուժծառայության պետ։
Զորացրվելուց հետո նեղ մասնագիտություն է ստացել և որպես ուրոլոգ-վիրաբույժ շուրջ երեք տարի է՝ ինչ աշխատում է Ստեփանակերտում։
Սկզբնական շրջանում աշխատել ենք հիվանդանոցի հինգերորդ հարկում գտնվող վիրահատարաններում, այնուհետև, երբ ռմբակոծվեցին Ստեփանակերտը, շտապ տեղափոխվեցինք հիվանդանոցի բունկեր՝ նկուղային հարկի ապաստարան, որտեղ տեղադրված էին համապատասխան սարքավորումները։ Ողջ աշխատանքը սկսեցինք այնտեղ կատարել»։

Ունեինք ինը վիրահատարան և կարողանում էինք միանգամից ինը վիրավորի վիրահատել։ Պատերազմի հենց առաջին օրից կողմնորոշվեցի՝ որտեղ պետք է լինեմ, որտեղ պետք է անցկացնեմ այս պատերազմը։



























Безопасная авантюра без «парашюта». «Паст»
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
В Ереване обрушилась часть здания бывшего фортепианного завода: есть пострадавший
«Нет времени»: в Киеве напомнили Зеленскому об одном важном вопросе
Ушаков рассказал об итогах переговоров с Уиткоффом
Следующей власти придется начинать все с нуля: «Паст»
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
«Это издевательство над государственностью». «Паст»
Трамп отменил все указы, подписанные автопером Байдена
Спорное положение закона – политическая дубинка. «Паст»